Չարենց Եղիշե՝ Երկեր | |
Անխոնջ սերմանող ազատության՝
Լուսաստղից առաջ ես ելա հանդ,
Եվ ձեռքով անեղծ ու կուսական
Հերկերի վրա անարգավանդ
Շաղեցի սերմեր կենսանորոգ, —
Բայց ես ժամանակ վատնեցի լոկ,
Բաղձանք միամիտ և անդուլ ջանք...
Արածե՜ք, օ՜, խեղճ ժողովուրդներ. —
Ի՞նչ ազատություն — հոտերին ձեր. —
Ձեզ մորթել են, կամ — խուզել դաժան
Ժառանգությունն է ձեր ցեղից ցեղ —
Լուծ զանգակազարդ — և խարաղան!..
29. XII. 1936
Ռ. Մ. Ռիլկեից
ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱՐՈԻՍԵԼ
Չար ճիչերի ներքո շարմանկայի զառամ,
Քաշքըշելով իր հետ մի տախտակե տանիք
Հոլովվում է աշխարհն այս փոքրիկ ու երջանիկ…
Օ, ինչքա՛ն ծույլ է նա պտտվելուց առաջ...
Հետևում են իրար ստվերների շերտեր, —
Փախչում է սեգ գազելն առյուծի ճանկից, —
Չորս սևաթույր նժույգ սևաթույր ու թեթև, —
Ընթանում է ապա — սպիտակ փիղն հանգիստ:
Փարվել է առյուծի գիսախռիվ բաշին
Խիզախությամբ լցված մի կարմրաթուշ մանկիկ:
Առյուծն հանած լեզուն ատամներն է ցցում, —
Եվ — անցնում է կրկին սպիտակ փիղն հանգիստ:
Չար աղջիկներ դեռ կարճ զգեստներ հագած, —
Նրանց հայացքը — անհայտ անրջանքին, —
Նոր են նրանք, դեռ նոր երազանքի < . . . . >, —
Եվ տես՝ կրկին անցնում է սպիտակ փիղն հանգիստ...
………………………………………………..
Արագ, միշտ ավելի սրընթաց են վազում
Պտտվում են երկար ժապավենով անփոխ
Սահում է շողք նսեմ, մի ուրվագիծ նրբին,
Հյուսերի ցոլքն է ծանր հանկարծ փայլում անգին,—
Եվ բազմերանգ հողմով ողողվում են կրկին, —
Եվ անցնում է կրկին — սպիտակ փիղն հանգիստ...
1936
Կ. Բալմոնտից
ՍԵՎ ԾՈՎԻ ԵԶԵՐՔԻՆ
Սև ծովի եզերքին կանգնած կան սյուներ:
Սյուները քարից են:
Նրանց թիվը — ութն է:
—
Գալիս են այնտեղ հաճախ գերիներ:
Դագաղներ են բերում պարմանիներ:
Ձմեռները — գունատ են:
— Եվ աշունը — մութն է:
—
Այնտեղ գազաններ են ընկնում մերթ քիչ:
Թռչում — հասնում են մերթ — թռչուններ անգամ:
Եվ — ձանձրանո՜ւմ են:
— Ի՞նչ անեն, — ի՞նչ
Թռչկոտում են, գայթում, ընկնում ուժից՝
Դադարելով ձգտել:
— Դարձած անկամ:
—
Սև ծովի եզերքին կանգնած կան սյուներ:
Օրերից նախնական:
— Դեռ նախքան մուժը:
—
Նրանց թիվն ահասա՛ստ է բախտի պես սև:
—
Եվ նրանց իմաստն է — եթե ասեն. —
Ընդմի՜շտ:
Անձայնությո՛ւն:
Դժկամություն:
Ո՛ւշ է:
25. II. 1937, Երևան
Ի.Բունինից
ՀՐԹԻՌ
Գիշերվա ժամ էր ուշ, երբ լռության ծոցում,
Քնած երկրի վրա, խոր խավարում անկայծ, —
Ճեղքելով մութ գիշերը նարընջագույն գծով —
Օձանման ճայթեց, բարձր, հրթիռն հանկարծ:
Շառաչագի՛ն թափով նա բարձրացավ վերև,
Մի ակնթարթ սակայն... և մոռացման անկյանք
Ծովն են հոսում արդեն ադամանդները
Եվ դանդաղ է այնքան նրանց անկումն անձայն…
27.11. 1937
Ա. Բլոկից
«ՁԱՅՆ ԵՐԳՉԱԽՄԲԻՑ»
Ինչքա՛ն հաճախ ենք հիմա լալիս
Մեր վիճակը սև և անխնդում:
—
Օ, եթե, մարդի՜կ, իմանայի՛ք
Ցուրտն ու խավարը գալիքի դո՜ւք:
—
Հիմա սիրուհուդ ձեռքն ես սեղմում,
Խաղում նրա հետ — հանգիստ:
—
Եվ լալիս ես դու — տեսնելով թույն՝
Կամ սիրած ձեռքում սեղմած — դաշույն,
Մանկի՛ կ, մանկի՛ կ...
Ստին, կեղծիքին — վերջ չե՜ս գտնի:
Իսկ մահն — հեռո՜ւ է դեռ:
—
Աշխարհն — ավելի՜ պիտի մթնի,
Երկիրն — ավելի՜ սև հուն մտնի,
Օ՛, դեռ դարե՛ր, դարե՛ր…
Եվ դարը վերջին — ամենաեղկ,
Կտեսնենք — մե՜նք անգամ:
—
Կազատե երկինքն — ահռելի մեղք,
Շըրթերին բոլոր — կհանգչի եղկ
Ժպիտ — անի՛ղձ այնքան:
—
Մանկի՜կ իմ, գարուն դու կերազես —
Գարունը չի ծաղկի:
—
Երկընքում — արև՜ կըղձաս լուսե—
Արևը չի՜ ծագի:
Եվ ճի՜չըդ, երբ դու ճչալ ուզես —
Քարի պես չի լսվի...
Եղեք գո՜հ, ուրեմն, ձեր բախտից հին՝
Ջրի՜ց էլ խոնարհ, խոտի՜ց — անշուք,—
Օ, եթե, մարդի՜կ, իմանայի՛ք
Ցո՛ւրտն ու խավարը գալիքի դուք…
1937